Հիպոտոնիան կամ զարկերակային ցածր ճնշումը նույնպես կարող է վտանգավոր լինել, ինչպես գերճնշումը: Նման վիճակը կարգավորելու համար պարտադիր չէ դիմել դեղորայքի, որովհետև կան կարգավորման նաև այլ միջոցներ:
Ջուր
Ջուրը բոլոր առողջարարական ցուցակներում առաջին տեղում է: Այն օգնում է նաև հիպոտոնիային: Բավարար քանակով օգտագործած ջուրն ազդում է արյան ընդհանուր շրջանառության վրա (որքան շատ ջուր օգտագործել, այնքան բարձր կլինի ճնշումը): Ջուրը նաև արագացնում և կարգավորում է նյութափոխանակությունը: Ստիպողաբար մեծ քանակի ջուր խմել ցանկալի չէ, սակայն ամեն օր 1,2-1,5 լիտր մաքուր ջուր խմել դժվար չէ (առանց հեղուկ սննդի, թեյի, կաթի հաշվարկման): Տարվա շոգ եղանակներին, ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքում ջրի քանակն ավելացվում է:
Աղ
Բավականին մեծ քանակով աղ պարունակում է խոզապուխտը, աղ դրած ձուկը, ապխտած միսը, բանջարեղենային և մրգային մարինադները և այլն: Աղն օրգանիզմում պահում է ջուրը, որի արդյունքում բարձրանում և մի քանի օր պահպանվում է նորմալ արյան ճնշումը:
Համեմունքներ
Համեմունքներն առանձին մթերք-կերակուր չեն համարվում, սակայն օգտագործվելով սննդի մեջ, կարող են կարգավորել ցածր ճնշումը: Արյան ճնշումը բարձրացնում են կծու պղպեղը, ծովաբողկը, մանանեխը, կոճապղպեղը, հիլը, դարչինը, մեխակը: Արդյունքն արտահայտվում է անոթների տոնուսի դրդման հետևանքով, որոնք սեղմվում են և բարձրացնում արյան ճնշումը:
Սուրճ
Օգտակար է հատկապես, երբ այն պատրաստվում է համեմունքների և աղի օգտագործմամբ: Սակայն ինքնուրույն էլ կոֆեինը հիանալի բարձրացնում է արյան ճնշումը: Կոֆեինով հարուստ են նաև շոկոլադը, թեյը, ճարճատուկը:
Կենդանական սպիտակուցը և ճարպերը
Դրանք առավել շատ պարունակում են կաթնաշոռը, պանիրը, կաթը, ձուն, միսը, ձուկը, թռչնամիսը, կարագը, լյարդը, բարձրացնում են արյան մածուցիկությունը` արդյունքում բարձրացնելով նաև ցածր ճնշումը:
Բանան, կարտոֆիլ
Սպիտակ հացը, սպիտակահատ ձավարի շիլան, գարեջուրը նույնպես մածուցիկությունը բարձրացնելու շնորհիվ բարձրացնում են ճնշումը: Սակայն այստեղ արդեն գործում է ածխաջրատային գործոնը:
Ընկույզ
Ընկույզը պարունակում է դաբաղող նյութեր, որոնք ընդունակ են բարձրացնել արյան մածուցիկությունը, հետևաբար նաև՝ ճնշումը:
Կանաչեղեն
Նեխուրը, թրթնջուկը, մաղադանոսը՝ հարուստ լինելով վիտամիններով և կենսակտիվ նյութերով, կարգավորում են զարկերակային ճնշումը:
Մրգեր և հատապտուղներ
Հիպոտոնիայի ժամանակ անհրաժեշտ է օգտագործել նուռ, խնձոր, սև հաղարջ, թութ, ելակ, չիչխան, որոնք ճնշումը բարձրացնելու ընդունակություն ունեն:
Կիտրոնա-մեղրային խառնուրդ
Կան տարբեր բաղադրատոմսեր, օրինակ. մեկ բաժակ մեղրի և 3 հատ աղացած կիտրոնի խառնուրդը մեկ օր պահել սառնարանում, և ընդունել 1 ճաշի գդալ, օրը երեք անգամ:
Վերոնշյալ սնունդն օգտագործելիս չմոռանալ ալերգիաների և քրոնիկ հիվանդությունների դեպքում դրանց բացառումը կամ զգույշ օգտագործումը: