Անոթային վնասվածքների պատճառները
Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել և՛ կոտրված ոսկրի ծայրով, և՛ հարվածի ուժգնության հետևանքով:
Մարդու օրգանիզմը շատ խնամքով է ստեղծված՝ կարևոր օրգաններն ու խոշոր անոթներն ավելի ապահով տեղակայում ունեն, օրինակ, ազդրի շրջանում հիմնական հարվածները լինում են կողքից, մինչդեռ մագիստրալ անոթներն անցնում են ներսային մակերեսից:
Ինչպե՞ս տարբերել երակային և զարկերակային արյունահոսությունները
Երբեմն դժվար է տարբերակել երակային արյունահոսությունը զարկերակայինից միայն արյան շիթի ուժգնությամբ և գույնով (երակայինը՝ մուգ, զարկերակայինը՝ բաց), հատկապես, երբ վնասվածքը մեծ է և խորը, որի պարագայում զարկերակային ու երակային անոթներից հոսող արյունը միախառնվում է: Կան տարբերակելու մեթոդներ, օրինակ, զարկերակային արյունահոսության դեպքում շոշափվող զարկերակը վերքից վերև սեղմելիս արյան հոսքը դադարում է, իսկ երակայինի դեպքում արյան հոսքը դադարում է վերքից ներքև սեղմելիս:
Ինչպե՞ս դադարեցնել արյունահոսությունը
Զարկերակային արյունահոսության դեպքում սեղմակապը պետք է դնել վերքից վերև, իսկ երակային արյունահոսության ժամանակ պետք է անոթը փակել վերքից ներքև:
Դրված սեղմակապը ժամանակ առ ժամանակ պետք է թուլացնել կարճ ժամանակով ու նորից սեղմել: Եղանակային տարբեր պայմանների դեպքում այդ ժամանակահատվածը տարբեր է: Ձմռան ամիսներին սեղմակապն ավելի կարճ ժամանակով պետք է սեղմել: Ապացուցված է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ձմռան ամիսներին մահացությունը՝ կապված արյան կորստի հետ, ավելի քիչ է եղել, որովհետև ցուրտը դանդաղեցնում է արյան շրջանառությունը և անոթասեղմիչ հատկություն ունի:
Սեղմակապը թուլացնելու և սեղմելու սխալ իրականացումը հղի է բարդություններով: Անոթի վրա դրված կապի 2-ժամյա ժամկետը ճիշտ չէ, ժամանակ առ ժամանակը այդ կապը պարտադիր պետք է թուլացվի: Եթե մոտավորապես 30 րոպե անց կապը թուլացնելիս այլևս արյունահոսություն չկա, պետք է սեղմակապը թույլ թողնել, որպեսզի կոլլատերալ անոթների ցանցի օգնությամբ շարունակվի վերջույթի սնուցումը:
Առաջին օգնությունը փակ և բաց արյունահոսությունների ժամանակ
Քանի որ ցուրտը սեղմում է անոթները, յուրաքանչյուր վնասվածքի ժամանակ խորհուրդ է տրվում անշարժացնել վերջույթը և սառույց դնել, կամ ինչ-որ սառը բանով փաթաթել վերջույթը. դա ունենում է և՛ցավազրկող ազդեցություն, և՝ անոթների սպազմի արդյունքում պակասում է արյան հոսքը: Սառը պետք է դնել ցանկացած վնասման ժամանակ, քանի որ յուրաքանչյուր վնասվածքի, սալջարդի ժամանակ հնարավոր է ներքին արյունահոսություն:
Փակ արյունահոսության ժամանակ, որպես առաջին օգնություն, անհրաժեշտ է իրականացնել անշարժացում, ցավազրկում և սառեցում` մինչև մասնագիտացված կենտրոն հասցնելը:
Վտանգներն` արյունահոսության ժամանակ
Արյունահոսությունների ժամանակ կարող է նաև արյան մեծ կորստի հետևանքով շոկ զարգանալ, որը խոշոր ոսկրերի կոտրվածքների դեպքում բավականին մեծ տոկոս է կազմում, օրինակ,`ազդրոսկրի կոտրվածքի ժամանակ արյան կորուստը մինչև 2 լիտր է, կոնքի կոտրվածքի ժամանակ` 3 լիտր: Դա վտանգավոր վիճակ է և անհապաղ մասնագիտական օգնություն է պահանջում:
Ալեքսանդր Արզումանյան,
Իզմիրլյան բժշկական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան